Գործատուի մոտ մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում
Ծրագրի նպատակն է` աջակցել պրակտիկանտին ձեռք բերել իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ և տեղավորվել հարմար աշխատանքի:
Ծրագրում կարող են ընդգրկվել. - մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկները` մասնագիտական կրթությունը ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում, - մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամները` մասնագիտական կրթությունը ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում : Ծրագրի շահառուներին տրամադրվում է խորհրդատվություն գործատուի մոտ իրականացվող աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Գործատուի մոտ իրականացվող աշխատանքային պրակտիկայի ավարտից հետո պրակտիկանտին տրամադրվում է մասնագիտական պրակտիկա անցնելու վերաբերյալ վկայագիր:
Ծրագրի կազմակերպումը. - ծրագրի կազմակերպումն իրականացվում է տարածքային կենտրոնի կողմից բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի միջոցով, - գործատուի, գործազուրկի (հաշմանդամի) և տարածքային կենտրոնի միջև կնքվում է պրակտիկայի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր, - մշակվում է արտադրական պրակտիկայի իրականացման պլան: Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է ` հաշվի առնեելով նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը: Ծրագրի ֆինանսավորումը. - ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին, ընդորում` պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պրակտիկանտին վճարվում է աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով, - պրակտիկան անցկացնող անձին` նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, - գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի համար կատարվող սոցիալական ապահովության վճարները փոխհատուցելու համար:
Ծրագրի տևողությունը 3 ամիս է և պրակտիկանտը կարող է մասնակցել ծրագրին մեկ անգամ:
|